«Ինչ անելու եք, այսօր արեք». Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մարտի 10–ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik․ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հորդորում է վաղվա գործերն այսօր անել։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում` նշելով, որ վաղը Հայաստանում անձրև, ամպրոպ ու ձյուն է սպասվում։
«Ինչ անելու եք, այսօր արեք, վաղը մթի և ցրտի մեջ ենք»,– զգուշացրել է նա։
Օգտատերերի հումորային արձագանքը չի ուշացել։ Մեկը «կանխատեսել» է, որ մութուցուրտ տարիներն են վերադառնում, մյուսը նշել է, որ խաշ ուտելու օր է, ոմանք էլ գրել են, որ ինչ պիտի անեին, երեկ` մարտի 8-ին, արդեն արել են։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 10–ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա մարտի 12–13–ին։