Ադրբեջանը թվարկել է իր տարածքային պահանջները

Ոսկեպարտ տանող ճանապարհ
Սահմանազատման հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 7–ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik․ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի «4 էքսկլավային գյուղերի ազատագրման» հարցը: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդագրության մեջ նշվում է Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին:
Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ է ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։ Այս բոլոր գյուղերը գտնվում են ՀՀ Տավուշի մարզում` հայ–ադրբեջանական սահմանին։
Բաքուն նաև հայտարարել է, թե անհիմն են պաշտոնական Երևանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը օկուպացված են:
Նշենք, որ մարտի 7-ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել սահմանազատման ն հարցերով հանձնաժողովների յոթերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հիշեցնենք` փետրվարի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ն համաձայն է անգամ մարզ առ մարզ սահմանազատում իրականացնել` ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշտգրտում, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։