ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային տոնի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Կանանց տոնի առիթով հայրապետական մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդաց՝ ի Հայաստան և ի Սփյուռս։ Կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես նրա առաքելությունն ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այսօր ընդլայնվել են կանանց գործունեության ոլորտները»,– ասված է ուղերձում։
Կաթողիկոսը նաև հիշատակել է այն հանգամանքը, որ ներկայիս մեր հայրենիքն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Ուղերձում Վեհափառն ընդգծել է` դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում՝ հանուն ազգային–հոգևոր արժեքների զորացման, աշխարհասփյուռ ժողովրդի համերաշխության ու միասնականության ամրապնդման և Հայաստանի խաղաղ ու բարօր գալիքի կերտման։