Տարածաշրջանը չպետք է տերությունների հակամարտության թատերաբեմ դառնա․ Իրանի ՊՆ ղեկավար

Գեներալ Աշտիանիի խոսքով՝ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի տարածաշրջանային քաղաքականության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին Թեհրանում հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանից դուրս անվտանգության որոնումները հակառակ արդյունք կունենան:
Գեներալի խոսքով՝ անվտանգության ճարտարապետությունը պետք է ձևավորվի հենց տարածաշրջանում, այլապես այն գերտերությունների միջև հակամարտության թատերաբեմի կվերածվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով ու սպառնալիքներով:
«Մենք չպետք է թույլ տանք, որ տարածաշրջանը վերածվի օտարերկրացիների համար մրցակցության դաշտի, ինչը կազդի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և կայունության վրա»,- ավելացրել է նախարարը, որի խոսքերը մեջբերում են իրանական ԶԼՄ-ները:
Նա նաև ընդգծել է, որ բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մի մասն է, սակայն Հայաստանն առանձնահատուկ նշանակություն ունի, և երկու երկրների միջև հարաբերությունները Հայաստանի անկախացումից սկսած հետևողականորեն զարգանում են ամենատարբեր ոլորտներում: Նախարարը հայտարարել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելու հարցում Իրանի վճռական դիրքորոշման մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի հետ իր երկրի պատմական կապերն ու բարեկամությունը և հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման Երևանի պատրաստակամության մասին: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ երկու երկրներն էլ տարածաշրջանային կայունության վերաբերյալ նմանատիպ տեսակետներ ունեն, և պետք է ձգտել ավելի սերտ հարաբերությունների՝ տարածաշրջանային անվտանգության հասնելու համար:
Հիշեցնենք` Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել մարտի 6-ին։ Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի են ունեցել Պապիկյանի և ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի, ապա՝ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ հանդիպումները։