ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Շվեդիայի Թագավորությունը պաշտոնապես միացել է ՆԱՏՕ–ին։ Տեղեկությունը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 7-ին»,– ասվում է հաղորդագրությունում։
Այդպիսով, սկանդինավյան երկիրը դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 32-րդ անդամը։ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ պաշտոնական ընթացակարգը կավարտվի այսօր երեկոյան, իսկ Բրյուսելում ՆԱՏՕ–ի կենտրոնակայանի մոտ շվեդական դրոշը կբարձրացնեն հաջորդ շաբաթվա սկզբին։
Շվեդիան և Ֆինլանդիան դաշինքին անդամակցելու հայտ էին ներկայացրել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ֆինլանդիան 2023 թվականի ապրիլի 4-ին պաշտոնապես դարձավ դաշինքի 31-րդ անդամը։
Ի սկզբանե Շվեդիայի հայտին հավանություն չէին տալիս Թուրքիան և Հունգարիան։ Անկարան դեմ է արտահայտվել Ստոկհոլմի կողմից քրդական խմբավորումներին աջակցելուն և զենքի արտահանման սահմանափակումներին։ Դրական տեղաշարժեր են նկատվել այն բանից հետո, երբ Շվեդիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ համաձայնել է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացման դիմաց նպաստել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացմանը: Անկարան հավանություն է տվել դաշինքին երկրի անդամակցությանն այս տարվա հունվարին։
Հունգարիայում նախաձեռնությանը երկար ժամանակ դեմ են եղել տեղի պատգամավորները, որոնք նշել են, որ շվեդական իշխանություններն «անամոթ սուտ» են տարածում իրենց երկրի մասին: Նախագահ Թամաշ Շույոկն անցած չորեքշաբթի ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: