Նիկոլ Փաշինյանը նախընտրել է չգովել Վահան Քերոբյանին

Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին
ՀՀ վարչապետը կոչ է արել ուշադիր լինել, որպեսզի որևէ անմեղության կանխավարկած չխախտվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավում է, որ էկոնոմիկայի նախարարությունում կադրային փոփոխություններն իրականացվում են նախարարության հետ կապված հայտնի կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանն այդ մասին հայտարարել է այսօր էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին նախարարության աշխատակազմին ներկայացնելու ժամանակ։
ՀՀ վարչապետն անդրադարձել է նախկին նախարար Վահան Քերոբյանի ձերբակալությանը և համոզմունք հայտնել, որ հարցի քննությունը լիարժեք օբյեկտիվ կլինի ։
«Ես կարող եմ գնահատանքի խոսքեր ասել էկոնոմիկայի նախարարի կարգավիճակում Վահան Քերոբյանի աշխատանքի վերաբերյալ, բայց այս պահին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել այն իմաստով, որ գիտեք՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պարոն Քերոբյանի պաշտոնանկությունը, բայց նաև պետք է ուշադիր լինենք, որ որևէ անմեղության կանխավարկած չխախտենք և որևէ ազդեցություն չունենանք նաև քննության արդյունքների վրա»,– ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը նշել է նաև, որ առօրյա աշխատանքում ինչ-որ բաներ բոլորն էլ անում են ոչ կատարյալ, բայց բոլորի համար պետք է ուղենիշ լինի հետևյալը` արդյոք պետական բյուջեի միջոցների նկատմամբ ոտնձգություն անում են, թե ոչ:
«Մենք բոլորս հասկանում ենք, որ կան բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ՝ սկսած պետական կառավարման համակարգում աշխատավարձերի վարձրատրման համակարգից, որին այդպես էլ չենք կարողանում համակարգային լուծում տալ և գնում ենք հատվածական լուծումների: Բայց դա կապ չունի թեմայի հետ, որովհետև օրենքի գերակայությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Նորից եմ ասում` չենք կարող հույս ունենալ, որ բոլորս մեր գործողությունների մեջ անթերի ենք, բայց նաև պետությանը և ժողովրդին պատկանող միջոցների ծախսման օրինականության հետ կապված պետք է լինենք առանձնահատուկ նախանձախնդիր»,– ասել է նա։
Ներկայացնելով նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին`Փաշինյանը նշել է, որ ՀՀ պետական շահը Հայաստանի Հանրապետության զարգացումն է, իսկ զարգացում ասելով՝ նկատի է առնվում տնտեսական զարգացումը:
«Տնտեսական հետագա աճը, ՀՆԱ-ի աճը, բարձր աճ ապահովելը շատ կարևոր է, բայց մյուս կողմից էլ մարտահրավեր է: Վերջին տարիներին ասում ենք, որ 30 տոկոսով մեր տնտեսությունն աճել է, պետք է հասկանանք, որ ինչքան աճում է, դրա վրա նոր աճ ձևավորելն այդքան էլ բարդանում է: Եվ իհարկե էկոնոմիկայի դերն այստեղ շատ կարևոր է»,– ասել է վարչապետը։
Նորանշանակ նախարարը հավաստիացրել է, որ նախարարություն է եկել՝ իրագործելու բոլոր այն ծրագրերը, գաղափարները և այն հանձնառությունները, որոնք ստացել են ժողովրդից։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին Վահան Քերոբյանն ազատվեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, մարտի 5–ին այդ պաշտոնում նշանակվեց նախկին ՀՀԿ–ական, այժմ ՔՊ–ական Գևորգ Պապոյանը։