Նախագիծը լրամշակվել է. ինչ գներ են առաջարկում Երևանում հասարակական տրանսպորտից օգտվողներին

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու առաջիկա նիստում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նախագծով նախատեսվում է 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար փաթեթը կարժենա 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
Իսկ 365 օրվա համար փաթեթը 88000 դրամ է՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
Ստացվում է` եթե տեսականորեն անձը օրվա ընթացքում 2 անգամ օգտվի հանրային տրանսպորտից, 30 օրվա փաթեթի դեպքում 1 անգամվա երթևեկությունը կարժենա 146 դրամ, 90 օրվա փաթեթի դեպքում` 131 դրամ, իսկ տարեկան փաթեթի դեպքում` 120 դրամ։
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:
Հիշեցնենք` 2024 թվականի սեպտեմբերի 1-ից նախատեսվում է ներդնել ուղեվարձի վճարման միասնական համակարգ՝ ներառյալ էլեկտրոնային տոմսեր ու ուղևորական քարտեր տարբեր սակագնային պլաններով՝ 70 րոպե, 24 ժամ, 7 օր, 30 օր, 90 օր և մեկ տարի, ինչպես նաև 10 ուղևորության տոմս։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարին հայտարարեց, որ 2024 թվականի սեպտեմբերից Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կրկնակի կբարձրանա, իսկ մեկանգամյա ուղեվարձը կկազմի 300 դրամ: Այս պնդումները նույն օրը հերքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ ուղեվարձը կարող է թանկանալ նրանց համար, ովքեր հազվադեպ են օգտվում դրանից: Միևնույն ժամանակ նախատեսվում է սուբսիդավորել ուղեվարձը մշտական ուղևորների և բնակչության խոցելի շերտերի համար: Նա վստահեցրեց, որ սակագինը կա՛մ կվերանայվի նվազագույն բարձրացմամբ, կա՛մ կմնա նույնը։