Հայտնի է` ԱԺ–ում ով կփոխարինի Գևորգ Պապոյանին

Ազգային ժողով
Դավիթ Կարապետյանը 33 տարեկան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում Գևորգ Պապոյանին կփոխարինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Կարապետյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
ԿԸՀ–ի այսօրվա հերթական նիստի օրակարգում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ մարտի 4–ին ուղարկած արձանագրությունն է եղել, որի համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։
«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրությամբ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Դավիթ Կարապետյանը ծնվել է 1991 թվականին Երևանում։ 2018 թ. հոկտեմբերից մինչև 2022 թ. հունվարը նա զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ 2022–2023 թթ. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում իրավախորհրդատու է եղել: 2023 թ. հուլիսին Դավիթ Կարապետյանը նշանակվել էր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:
Հիշեցնենք` Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին ազատվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հավանություն է տվել, որ այդ պաշտոնում նշանակվի Գևորգ Պապոյանը։
Փետրվարի 26-ին նա վայր դրեց պատգամավորական մանդատը, մարտի 5-ին նշանակվեց էկոնոմիկայի նախարար։