ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը թույլ չտվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին մեկնել Շվեյցարիա` մասնակցելու միջխորհրդարանական միության 148–րդ վեհաժողովին։
Վեհաժողովը տեղի է ունենալու մարտի 22–25–ը Ժնև քաղաքում։ 15–հոգանոց հայկական պատվիրակությունը գլխավորելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Քոչարյանի փաստաբաններն առաջարկում էին իրենց պաշտպանյալի խափանման միջոցը ժամանակավորապես վերացնել, որպեսզի նա կարողանա մեկնել Ժնև։
Լևոն Քոչարյանը կալանավորվել էր 2023 թ. սեպտեմբերի 25–ին և ազատ արձակվել նոյեմբերի 6–ին։ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր խոսքում նշեց, որ Ժնև մեկնելը Լևոն Քոչարյանի` որպես ԱԺ պատգամավորի աշխատանքային ուղիղ պարտավորությունն է։ Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հիշեցրեց, որ խափանման միջոցի ժամանակավոր փոփոխության նախադեպեր նախկինում էլ եղել են, օրինակ` ընդդիմադիր պատգամավորներ Արմեն Գևորգյանի ու Հայկ Մամիջանյանի դեպքում, երբ դատարանը նրանց թույլատրել է քրեական գործի ընթացքում գործուղման մեկնել։
Գործով դատախազները մտավախություն հայտնեցին, որ Քոչարյանը, Ժնև մեկնելով, կարող է խուսափել դատական գործի քննությունից։ Լևոն Քոչարյանն արձագանքեց նրանց այս հայտարարությանը` նշելով` երբ մի գործընթացի մեջ բարոյականությունը դուրս է գալիս, հայտնվում ենք այսպիսի տեսարանի առջև։
«Դուք հիմա նստած իմ առջև, նայելով իմ աչքերի մեջ, կարծում եք, որ ես Ժնևում պիտի փախչե՞մ։ Չէ, լո՞ւրջ։ Դժվար է նորմալ լեքսիկոնով այս ամենի մասին խոսել»,– հայտարարեց նա։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 12–ին ժամը 16։00–ին, որտեղ կքննարկեն փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունը` խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը, որպեսզի Լևոն Քոչարյանը կարողանա մեկնել Ժնև։
Հիշեցնենք` Լևոն Քոչարյանին և նրա ընկերոջը` Սերգեյ Ասատուրովին, մեղադրում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու և ոստիկաններին հարվածներ հասցնելու մեջ։ Այնինչ տուժող համարվող ոստիկաններ Հրաչիկ Խաչատրյան և Վարդան Հովհաննիսյանի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների, բռնության որևէ հետք կամ վնասվածք չի հայտնաբերվել։ Նիստն ընթանում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Լևոն Քոչարյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին կալանավորվեց և ազատ արձակվեց նոյեմբերի 6-ին։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Ի դեպ, Ասատուրովի նկատմամբ խափանման միջոցը կիրառվել է մի քանի օր առաջ։