ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Մարտի 1-ից 7-ը Սիրիուսի դաշնային տարածքում` Ռուսաստանի Սոչի քաղաքի մերձակայքում, անցկացվում է հետխորհրդային տարածքի երկրների համար ամենահայտնի մշակութային իրադարձություններից մեկը` Երիտասարդության համաշխարհային փառատոնը։
Այս տարի փառատոնի ծրագիրը կառուցված է համամարդկային արժեքների, աշխարհի բոլոր ժողովուրդների համար հավասարության և արդարության գաղափարների շուրջ։
Փառատոնին 180 երկրներից մասնակցում է մոտ 20 հազար պատվիրակ, լրագրողներ, փորձագետներ, կամավորներ, մեդիա հանրության ներկայացուցիչներ, գիտնականներ, դիվանագետներ, ձեռներեցներ։
Երիտասարդության համաշխարհային փառատոնին այս տարի Հայաստանը ներկայացնում են ավելի քան 200 մասնակիցներ, այդ թվում մի շարք ստեղծագործական միությունների, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների, մշակութային կոլեկտիվների ներկայայացուցիչներ։
«Սա լավ հնարավորություն է յուրաքանչյուր մասնակցի համար ինքնադրսևորման, փորձի փոխանակման և մասնագիտական զարգացման տեսանկյունից։Փորձելու ենք ակտիվ մասնակցել բանախոսությունների, ներկայացնել մեր գաղափարները, ստեղծել հիմքեր նոր` համատեղ ծրագրերի իրականացման համար և առավել ճանաչելի դարձնել մեր երկիրն ու մշակույթն աշխարհին»,–ասել է Երիտասարդության համաշխարհային փառատոնի Հայաստանի նախապատրաստական կոմիտեի նախագահ Միքայել Մարտիրոսյանը։
Նշենք, որ փառատոնին մասնակցում են նաև ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները, որոնք փառատոնի շրջանակում հանդիպել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի, ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ու Sputnik–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ:
Հիշեցնենք` անցյալ տարի հայկական պատվիրակությունը արդյունավետ և կազմակերպված մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ II երիտասարդական ֆորումի աշխատանքներին, որը նույնպես անցկացվել է Սոչիի Սիրիուս դաշնային տարածքում։