ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Նիկողայոս Մառի անվան հայագիտության մրցույթը շատ կարևոր նախաձեռնություն է, որը կոչված է ուշադրություն հրավիրելու Հայաստանի, հայ ժողովրդի ճակատագրի, ինչպես նաև երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների վրա: Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ II մրցույթին մասնակցել են 10-ից ավելի աշխատանքներ, որոնք ստացվել են արտասահմանցի ռուսախոս արևելագետներից: Նա ակնկալում է, որ մասնակիցների թիվը կաճի, իսկ ռուսերենը կվերադարձնի արևելագիտության հիմնական լեզվի իր նախկին կարգավիճակը։
«19-րդ դարում ռուսերենը արևելագիտության հիմնական լեզուներից է եղել և այդ կարգավիճակը պահպանվել է մինչև 20-րդ դարի կեսերը։ Մեր մրցույթն ուղղված է ռուսալեզու արևելագիտության խթանմանը, առաջխաղացմանը: Սա հատկապես վերաբերում է հայագիտությանը, քանի որ ռուսերենը ոչ միայն Ռուսաստանն է, այլև ռուսալեզու հետխորհրդային տարածքը։ Մեզ համար շատ կարևոր է ռուսալեզու միջավայրում Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը, քանի որ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացներն ուղղակիորեն անդրադառնում են նաև մեր երկրի վրա», - ընդգծեց Ասատրյանը։
II մրցույթի հաղթող է դարձել գիտնական Շախբան Խապիզովի (Մախաչկալա) «Վարաչան քաղաքը և հոների թագավորությունը Արևելյան Կովկասում հայկական աղբյուրների լույսի ներքո» հետազոտությունը։ Ասատրյանը անվանեց դաղստանցի գիտնականին բացարձակ առաջնորդ, իսկ նրա հաղթանակը՝ նշանակալի իրադարձություն։ Ավելին, նրա խոստովանությամբ՝ Խապիզովն արժանի է ականավոր գիտնականի կոչմանը, թեև բավական երիտասարդ է դրա համար։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Վլադիկավկազից լրագրող ու ազգագրագետ Անդրեյ Դոնչենկոյի «Մեր Օսեթիան. Էրեբունի. ՀՕՀ-Ալանիա հայկական ազգային-մշակութային հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ» աշխատությունը։
Ասատրյանին ոգևորել է նաև Սմոլենսկի համալսարանի երիտասարդ գիտնականների մասնակցությունը: Նրանց «Հայերեն տեքստը ռուս գրականության մեջ» հոդվածների ժողովածուն զբաղեցրել է երրորդ տեղը։
Ասուլիսին մասնակցում էր նաև Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան, որը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում:
Նա նշեց, որ Մառի անվան մրցույթը Ռուսական տունն ու ՀՌՀ-ն համատեղ անցկացնում են 2022 թվականից։ Անդրեևան ընդգծեց, որ շատ ուրախ է, որ Մառի մրցույթը ամենամյա է դարձել։
Նշենք, որ Անդրեևան հայագետ է, Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի մագիստրատուրայի շրջանավարտ և մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ շփվում էր հայերեն:
Եկատերինա Անդրեևա
© Sputnik / Aram Nersesyan
Մրցույթի հաղթողների պարգևատրումը տեղի կունենա մայիսի 30-ին Երևանի Ռուսական տանը: Երևանում Ռուսական տան փոխղեկավարի խոսքով՝ մրցանակակիրները հնարավորություն կունենան ոչ միայն մրցանակներ ստանալ, այլև ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին: Իսկ մրցույթի այն մասնակիցներին, ովքեր արժանացել են բարձր գնահատականի, սակայն չեն հայտնվել մրցանակակիրների եռյակում, կառաջարկվի հրապարակել իրենց աշխատանքները կամ ներկա գտնվել մրցանակաբաշխությանը Երևանում:
Մրցույթի կազմակերպիչները նշում են, որ ակադեմիկոս Նիկողայոս Մառը բառի բուն իմաստով հայասեր էր: Հայաստանի և հայերի մասին նրա ստեղծագործությունները ներծծված են սիրով և քնքշութամբ: Հենց այդ պատճառով էլ որոշվեց հայագիտության մրցույթը նրա անունով կոչել։ Ի դեպ, Մառի աշակերտներից էր հայ մեծանուն բանաստեղծ և հասարակական գործիչ Վահան Տերյանը: