Փաշինյանը Եգիպտոսի գործարարներին ներկայացրել է ՀՀ–ում ներդրողների համար գրավիչ ոլորտները

ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանում զբոսաշրջային մեծ պոտենցիալ կա, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից: Մեծ պոտենցիալ կա նաև գինեգործության, շինարարության, տեխնոլոգիական, կրթության և գիտության ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայում հանդիպել է տեղի գործարարների հետ և ներկայացրել Հայաստանում ներդրողների համար հետաքրքրության մի քանի ուղղություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ներդրողների համար հետաքրքրության մի ուղղությունը կարող են լինել պետական կապիտալ ծրագրերը և, ընդհանրապես, պետական ներդրումների ոլորտը: Հայաստանի կառավարությունը հիմա արդեն մոտավորապես 1 մլրդ դոլարի չափով կապիտալ ներդրումներ է անում ամենատարբեր ոլորտներում, որը Հայաստանի համար շատ մեծ և բարձր ցուցանիշ է, որը վերջին վեց տարիների ընթացքում ավելի քան կրկնապատկվել է»,–ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ կան նաև ծրագրեր, որոնցով պիտի աջակցեն պոտենցիալ ներդրողներին, այդ թվում՝ գնումներին մասնակցող:
Փաշինյանի խոսքով` Հայաստանում զբոսաշրջային մեծ պոտենցիալ կա, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից: Մեծ պոտենցիալ կա նաև գինեգործության, շինարարության, տեխնոլոգիական, կրթության և գիտության ոլորտներում։
Իր հերթին Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Ահմադ Ալ-Վաքիլին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման կարևորությունը: Նա շեշտել է, որ եգիպտական կողմը շահագրգիռ է քննարկել ներդրումային ծրագրերի իրականացման ու փոխգործակցության խորացման հնարավորություններ:
Ելույթով հանդես է եկել նաև Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Ահմեդ Սամիրը և ընդգծել Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժի իրացման կարևորությունը:
Հիշեցնենք` Փաշինյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն է մեկնել երկօրյա պաշտոնական այցով: