Հայաստանում կողմնորոշվել են մինչև Իրանի սահման ճանապարհ կառուցելու հարցում

Նախագծով նախատեսվում է կառուցել 17 կամուրջ, 2 թունել (900 մ ընդհանուր երկարությամբ) և 5 տրանսպորտային հանգույց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հայաստանում պատրաստ է Իրանի սահման տանող «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային ճանապարհի 90–կիլոմետրանոց հատվածի կառուցման նախագիծը: Մի հատվածում շինարարական աշխատանքներ են սկսվել, մյուս երկուսի համար Հայաստանը բանակցում է ֆինանսավորման շուրջ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Աշխատանքները սկսվել են Ագարակ-Քաջարան 32-կիլոմետրանոց ճանապարհին (Իրանի սահմանից)։ Շինարարությունը կարող է ավարտվել մինչև 2028 թվականը: Կապալառուները՝ իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ընկերությությունները, նախապատրաստական աշխատանքներ են տանում շինարարության մեկնարկից առաջ։
Նախագծով նախատեսվում է կառուցել 17 կամուրջ, 2 թունել (900 մ ընդհանուր երկարությամբ) և 5 տրանսպորտային հանգույց:
Ինչ վերաբերում է Սիսիան-Քաջարան 60–կիլոմետրանոց մայրուղուն և Քաջարանի թունելին (դեպի Ագարակ), ապա դրանց նախագծերը պատրաստ են, և այժմ Հայաստանի իշխանությունը ֆինանսավորման աղբյուր է փնտրում։
ՀՀ–ից դեպի Սև ծով 2 օր ավելի շուտ կարող ենք հասնել, քան Ադրբեջանով. ՀՀ–ում Իրանի դեսպան
Սիսիան-Քաջարանը համարվում է «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային ճանապարհի նախագծի ամենաբարդ հատվածը։ Այն իր մեջ ներառում է 27 կամուրջ (ընդհանուր երկարությունը` 4,7 կմ) և 9 թունել (ընդհանուր երկարությունը` 12,5 կմ):
Հայաստանի կառավարությունը «Հյուսիս-հարավ» նախագծի ժամկետների և վերջնական արժեքի մասին պատկերացում այս պահին չունի։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործողների ընդլայնմամբ) կկրճատի իրանական-վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։
«Հյուսիս-հարավի» Աշտարակ-Թալին ճանապարհի մոտ 10 կմ–ի երթևեկությունը կդառնա միակողմանի