Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել

Սուրեն Պապիկյանի և Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հանդիպումը
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
Սուրեն Պապիկյանի և Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հանդիպումը
Պաշտոնյաների հանդիպումը կայացել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում։
«Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները` Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպումից առաջ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի էր ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
Նախքան դիմավորման հանդիսավոր արարողության մեկնարկը ՀՀ պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին։
Հիշեցնենք` Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել այսօր։