ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հաղթել է դատական հայցն ընդդեմ Երևանի պետական համալսարանի, գրում է «Հրապարակը»։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պետրոսյանի հայցը, և նա կվերականգնի իր աշխատանքը համալսարանում։ Բացի այդ, ԵՊՀ–ից հօգուտ Պետրոսյանի կբռնագանձվի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։
Դատարանի վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի` 2023 թ. հունիսի 23–ի` Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու և աշխատանքից ազատելու մասին հրամանը։
Եթե ԵՊՀ–ն մեկ ամսվա ընթացքում չբողոքարկի վճիռը, ապա այն կմտնի օրինական ուժի մեջ։
Վճռում նշվում է, որ Գևորգ Պետրոսյանը սկսած 1996 թվականից մշտապես աշխատել է ԵՊՀ–ում ու դասավանդել նույն առարկան՝ աշխատանքային իրավունք։