Կահիրեում Փաշինյանը մի քանի հանդիպումներ է ունեցել, խոսել հայ համայնքի դերի մասին

Հանդիպումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ Թավադրոս Երկրորդի հետ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թավադրոս Երկրորդի հետ
Թավադրոս Երկրորդը ողջունել է ՀՀ վարչապետի այցը պատրիարքարան և ընդգծել հայ համայնքի կարևորագույն դերը Եգիպտոսի հասարակական, քաղաքական կյանքում, անդրադարձել Ղպտի ուղղափառ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև սերտ կապին ու համագործակցությանը:
Բացի այդ, Կահիրեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ:
Վարչապետն իր խոսքում անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին:
Նիկոլ Փաշինյանն ու Ահմեդ Աբուլ Ղեյտը
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ և հավելել, որ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մասնավորապես` Գազայի հատվածում, ստեղծված իրավիճակի շուրջ: