ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատում է Օվիեդոյի կոնվենցիային միանալու ուղղությամբ

Գիտական կենտրոնի աշխատակից
Այս փուլում հարցն ուսումնասիրում են հատուկ փորձագիտական խմբերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանն աշխատանքներ է տանում Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիային (Օվիեդոյի կոնվենցիա) միանալու ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Իրավունքի գծով մասնագետ, առողջապահության ոլորտի փորձագետ Սուրեն Քրմոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ Օվիեդոյի կոնվենցիան միակ փաստաթուղթն է կամ միջազգային մեխանիզմը, որը սահմանում է առողջապահության ոլորտում մարդու իրավունքի կարևորագույն հիմքերը։
«Եթե Հայաստանը պատրաստ է վավերացնել կոնվենցիան, ուրեմն գործնականում պատրաստ է բուժօգնության ոլորտում համապատասխան օրենսդրության մշակմանն ու կիրառմանը», – ասաց նա։
Կոնվենցիայի վավերացումն ամենայն հավանականությամբ կհանգեցնի առողջապահության ոլորտի օրենսդրության վերանայման, հարկ կլինի այն համապատասխանեցնել գործող չափորոշիչներին։
Մասնագետը չբացառեց, որ Հայաստանը փաստաթղթին միանալուց առաջ վերապահումներ կանի օրենքի այս կամ այն կետի վերաբերյալ։