Եվրոպական այդ երկրում կիրակի օրը հանրաքվե անցկացվեց։ Ընտրողներին ուղղված հարցը սա էր. «Ուզո՞ւմ եք, որ թոշակառուները մեզ մոտ ամեն տարի ստանան լրացուցիչ՝ 13-րդ կենսաթոշակ»։ Շվեյցարացիների մեծ մասն ուզեց, և ուրեմն 2026 թվականից յուրաքանչյուր կենսաթոշակառու նոյեմբերի վերջին՝ Ծննդյան և Ամանորյա տոներից առաջ, կստանա լրացուցիչ մոտ 2000 եվրո, թեև սա միջին թիվն է. կան մարդիկ, որոնց ամսական կենսաթոշակը անցնում է 2500 եվրոյից։
Երևի գիտեք, որ Շվեյցարիան հանրաքվեասեր երկիր է, որտեղ տարին մոտ 4 անգամ իշխանությունները հարցնում են քաղաքացիների կարծիքը ամեն քիչ թե շատ կարևոր հարցի վերաբերյալ։ Հաստատ նաև հիշում եք, որ 6 տարի առաջ այսպես կոչված թավշյա հեղափոխության օրերին մենք անընդհատ լսում էինք՝ միշտ խորհրդակցելու ենք ժողովրդի հետ, պարբերաբար հանրաքվեներ ենք անցկացնելու։ Ճիշտն ասած, այն ժամանակից ի վեր որևէ համապետական հանրաքվե անցկացված լինելու մասին ընդհանրապես չեմ լսել։ Ասում են՝ շուտով վերջապես անցկացնելու են, բայց այնպիսի հանրաքվե, որը, ոմանց կարծիքով, ինչ-որ օտար պետությունների կողմից է թելադրված։ Այնպես որ, ավելի լավ է Շվեյցարիայից խոսենք։
Հիմա շատերը կասեն՝ էս ի՜նչ հրաշք երկիր է Շվեյցարիան, մարդիկ ասում են՝ լրացուցիչ փող տվե′ք, կառավարությունն անմիջապես կատարում է քաղաքացիների խնդրանքը։ Այն, որ իսկապես լավ երկիր է, չեմ վիճի, թեև ընդամենը մի անգամ ավտոբուսով անցել եմ, այն էլ՝ հիմնականում շատ երկար թունելով։
Ինչ վերաբերում է հասարակ մարդկանց սոցիալական պահանջներին, ապա, որքան էլ զարմանալի է, վերջին 100 տարվա ընթացքում շվեյցարացիները փաստորեն առաջին անգամ են ասում կառավարությանը՝ լավ կլիներ, որ գոնե թոշակառուներին փոխհատուցեիք այն ծախսերը, որոնք նրանք վերջին տարիներին ստիպված էին անել պարենային ապրանքների գների, բնակարանային վարձերի, ապահովագրական վճարների ավելացման և ընդհանրապես սղաճի պատճառով։ Դրա համար էլ քաղաքագետները կիրակնօրյա հանրաքվեի արդյունքները պատմական են անվանում։ Համեմատե′ք՝ ընդամենը մի քանի տարի առաջ շվեյցարացիներին հանրաքվեի միջոցով հարցրին՝ ուզո՞ւմ եք, որ ձեր արձակուրդը պաշտոնապես ավելացվի մեկ շաբաթով։ Եվ ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս արձագանքեցին շվեյցարացիները։ Այո′, շատ ճիշտ եք, որքան էլ հայաստանցուն զարմանալի թվա, հանրաքվեի մասնակիցների մեծ մասն ասաց՝ ո′չ, չենք ուզում ավելի երկար հանգստանալ։
Պատկերացնո՞ւմ եք, ինչ բարյացակամ պիտի լինեն իշխանությունների և քաղաքացիների հարաբերությունները, որ հասարակ մարդը մտնի կառավարության դրության մեջ և մտածի՝ ոչինչ, ինձ եղած արձակուրդն էլ բավարար է ուժերս վերականգնելու համար, թող պետությունն այդ լրացուցիչ միջոցներն ուղղի շատ ավելի կարևոր նպատակներ իրագործելուն, օրինակ, ազգային անվտանգության ամրապնդմանը։ Ի դեպ, նրանք, ովքեր դեմ էին 13-րդ կենսաթոշակին, նույնպես շատ ծանրակշիռ փաստարկներ էին բերում։ Չէ՞ որ Շվեյցարիայում, ինչպես և ողջ Եվրոպայում, բնակչությունը ծերանում է, իսկ ծնելիությունը նվազում։ Եվ ուրեմն երիտասարդների ուսերին է ծանրանում կենսաթոշակառուներին պահելու բեռը։ Այսինքն, եթե ես որպես թոշակառու հավելավճար եմ պահանջում, պիտի քաջ գիտակցեմ, որ այդ գումարը հարկերի տեսքով պիտի վճարի աշխատող տղաս կամ նրա սովորող տղան, որը վաղն աշխատանքի է ընդունվելու։
Էդ դեպքում բա ինչո՞ւ շվեյցարացիներն այնուամենայնիվ կիրակի օրը չհրաժարվեցին 13-րդ կենսաթոշակից, թեև շատերը կանխատեսում էին, որ այդ լրացուցիչ թոշակի հանդեպ վերաբերմունքն ի վերջո բացասական կլինի։ Վերլուծաբաններն ունեն իրենց հստակ պատասխանը՝ շվեյցարացիները պարզապես որոշեցին այս անգամ դաս տալ կառավարական չինովնիկներին և բանկային բիզնեսի վերնախավին։ Կառավարությունը շատ հստակ ուղերձ ստացավ շարքային քաղաքացիներից՝ այո′, մեր միջին աշխատավարձն ու կենսաթոշակը բարձր է, բայց մենք ապրում ենք աշխարհի ամենաթանկ երկրներից մեկում, իսկ այնպիսի գների, ինչպիսիք, օրինակ, Ցյուրիխում կամ Ժնևում են, ուրիշ պետություններում ընդհանրապես չեք հանդիպի։ Եվ հենց դուք՝ պաշտոնյաներդ եք մեղավոր, որ ձեր գործունեության կամ ավելի ճիշտ անգործության հետևանքով վերջին տարիներին այդ գներն ավելի են բարձրացել և անհասանելի դարձել կենսաթոշակառուների համար։
Մյուս կողմից, բանկերն անընդհատ ավելի ու ավելի կոշտ պայմաններ են առաջարկում քաղաքացիներին, այնինչ, այդ բանկերի որոշ աշխատակիցներ հսկայական աշխատավարձ են ստանում, իսկ թոշակի անցնելիս այնպիսի ֆանտաստիկ պարգևավճարների տեր դառնում, որոնց մասին սովորական քաղաքացին երազել անգամ չի կարող։ Մինչդեռ նրան՝ այդ շարքային քաղաքացուն, անընդհատ համոզում են՝ կառավարությունը բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները, իսկ բանկերն ամեն ինչ անում են երկրի կայուն զարգացման համար։
Ու մարդ ակամայից մտածում է՝ իսկ միգուցե Հայաստանի իշխանությունները հենց ա՞յս պատճառով էլ երբեք չեն անցկացրել իրենց խոստացած հանրաքվեները։ Որպեսզի ժողովուրդը առիթ չունենա դաս տալու իրենց և արտահայտելու իր իրական վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Խելոք են, է՜։