ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը պաշտպանական և տիեզերական ոլորտներում տեղի է ունենում միջազգային դրույթների շրջանակներում, տիեզերքում երկու երկրների համագործակցության ռազմական բնույթի մասին ամերիկյան հայտարարությունները հիմք չունեն: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
Փետրվարի 29-ին իրանցի գիտնականները ռուսական հրթիռակրի օգնությամբ ուղեծիր են դուրս բերել «Pars-1» արբանյակը: Մեկնաբանելով գործարկումը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը և նրա դաշնակիցները մտադիր են արագ և կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե Իրանն ու ՌԴ-ն մեծացնեն ռազմատեխնիկական համագործակցությունը:
«Պաշտպանական և տիեզերական ոլորտներում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը հիմնված է միջազգային օրենքների, դրույթների և իրավունքների վրա և իրականացվում է երկու երկրների ընդհանուր շահերի հիման վրա։ Ոչ ոք չպետք է անհիմն կասկածներ ունենա նման համագործակցության վերաբերյալ․․․ Մենք վճռականորեն հերքում ենք ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները, նման արտահայտություններն անհիմն ենք համարում»,- ընդգծել է Քանանին։
Հունվարի վերջին իրանցի գիտնականներն առաջին անգամ տիեզերք արձակեցին միաժամանակ երեք արբանյակ՝ «Մահդա», «Քեյհան-2» և «Հաթեֆ-1»: ԱՄՆ Պետքարտուղարությունը մտահոգություն հայտնեց Իրանի տիեզերական արձակումների կապակցությամբ՝ համարելով, որ այդ ոլորտում մշակումները կարող են նպաստել Իրանի բալիստիկ ծրագրի զարգացմանը: