ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ Գևորգ Պապոյանի պատգամավորակնա լիազորություններն արդեն դադարեցված են։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում։ Այդ մասին արձանագրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ։
Փետրվարի 26-ին հայտնել էինք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը վայր է դրել մանդատը։
Նշենք` փետրվարի 14-ից հետո, երբ Վահան Քերոբյանն ազատվեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, մամուլում շրջանառվում էր հենց Պապոյանի անունը։
Փետրվարի 15-ին ՀՀ կառավարությունում ավելի քան 4 ժամ տևած հանդիպումից դուրս գալուց հետո, սակայն, Պապոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իրեն էկոնոմիկայի նախարարի պաշտոն չի առաջարկվել։
Սակայն փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հավանություն է տվել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։