ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել սակագնային արտոնություն սահմանել` Բանգլադեշից ներմուծվող ջուտի մանրաթելերից մանվածքը ազատելով մաքսատուրքից։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ խորհուրդը։
Նշվում է, որ ԵԱՏՄ տարածքում նման հումքի արտադրություն չկա, և ջուտի մանվածքի հիմնական արտահանող երկիրը Բանգլադեշն է։ Արտոնությունները սահմանվել են ԵԱՏՄ անդամ երկու երկրի համար. դեպի ՀՀ ջուտի մանվածքի քվոտան սահմանվել է ոչ ավելի, քան 3 տոննա ծավալով, իսկ դեպի Բելառուս՝ ոչ ավելի, քան 6 հազար տոննա։
«Նշված սակագնային արտոնությունը կտրամադրվի լիազոր մարմնի կողմից տրված հավաստման առկայության դեպքում, որի գործողության ժամկետը սահմանափակ է և գործելու է մինչև 2026 թ. փետրվարի 28–ը: Այս որոշմամբ պատժամիջոցների ճնշման պայմաններում աջակցություն է ցուցաբերվում գորգ արտադրողների կայուն աշխատանքին»,– նշված է ԵՏՀ որոշման մեջ:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Ջուտի մանվածքը բնական նյութ է, որը ստացվում է արևադարձային ջուտի բույսից, ունի բարձր ամրություն, ինչպես նաև դիմակայուն է խոնավության և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը: Լայնորեն օգտագործվում է տեքստիլ արդյունաբերության մեջ: