ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ՀՀ բարեկամության շքանշանով է պարգևատրել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ունեցած ավանդի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ժամանակ նախարարներն արձանագրել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր՝ ընդգծելով առկա մեխանիզմների առավելագույն օգտագործման կարևորությունը և հեռանկարները: Անդրադարձ է արվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության հնարավորություններին, քննարկել են տարածաշրջանային թեմաներ:
«Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և պահպանվող առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելը պահանջում է երկուստեք հստակ արտահայտված հանձնառություն»,- տեղեկացնում են նախարարությունից։
Հիշեցնենք` Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել այսօր։ Ավելի վաղ նախարար Դենդիասը հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, նախարարները նաև համատեղ հայտարարություններով էին հանդես եկել։
Արարատ Միրզոյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին