Միրզոյանը Շմիդի հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը

ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը Անթալիայում
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Ադրբեջանի հետ հետագա սահմանազատման գործընթացի ապահովման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հանդիպել են Անթալիայում և քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները։ Նա նաև հայտնել է առանցքային հարցերի, մասնավորապես 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի ապահովման և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Արարատ Միրզոյան նաև ընդգծել է այդ հարցերում Ադրբեջանի կողմից հստակ հանձնառության ցուցաբերման և հռչակված սկզբունքներին հավատարմության կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հիշեցնենք` Միրզոյանն Անթալիա է մեկնել մարտի 1-ին։ Նա մասնակցել է դիվանագիտական ֆորումին, հանդիպել Քուվեյթի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Ալի Ալ-Յահյայի, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ։
Միրզոյանն ու Կլաարը Անթալիայում քննարկել են ՀՀ–Ադրբեջան բանակցությունները