ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի տեխնոլոգիական թռիչքաձև զարգացում ապահովելու համար, միայն թե դրա համար ռազմավարական մոտեցում է պետք թե' կրթության, թե' գիտության, թե' տեխնոլոգիաների ոլորտներում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովի ընթացքում, հայտնում է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։
«Այստեղ մենք սիներգիայի կարիք ունենք` կրթություն, գիտություն և արդյունաբերություն կապի: Եթե մենք կարողանանք Հայաստանում ստեղծել այս կապը և դա արդյունավետ աշխատի, ապա կունենանք թռիչք: Վերջին երկու տարվա ընթացքում մեր կատարած բոլոր խորքային ու այլ երկրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման թռիչք անհնար է ապահովել, եթե մենք չունենանք ռազմավարական մոտեցում թե' կրթության, թե' գիտության, թե' տեխնոլոգիաների ոլորտներում իրար հետ փոխկապակցված զարգացման ռազմավարության ներդրման տեսանկյունից»,–ասել է նա:
ԱԺ փոխնախագահի խոսքով` խնդիրը ոչ թե կոմունիկացիայի և համագործակցության մեջ է, այլ մարդկանց մոտեցումների և նրանց կողմից համակարգերը զարգացնելու առաջնահերթությունների:
Արշակյանը խոսել է ՀՀ վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարևորության մասին, ընդգծել այդ աշխատանքներում հայտնի գիտնականների, ձեռներեցների, Հայաստանի զարգացման գործում ներդում ունեցած մարդկանց և քաղաքական գործիչների ներգրավման կարևորությունը:
«Ուրախ կլինենք, որ գոնե հաջորդ տարի ունենանք երկու տեսակի ռազմավարություն: Մեկը` գիտությունը, կրթությունը և արդյունաբերությունը միմյանց կապող առաջնահերթություններով ուղղահայաց ռազմավարություն` հենց բարձր տեխնոլոգիաների, ինովացիայի ուղղությամբ»,- նշել է ԱԺ փոխխոսնակը։
Հավելենք, որ միջոցառմանը բացման խոսքով ելույթ են ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Աշրաֆ Աբուշադին և այլք:
Մասնակիցները խոսել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումներից, ներկայացրել միջազգային լավագույն փորձը, հանդես եկել նորարարական գաղափարներով: