ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում բնակելի շենքի մոտ անօդաչու թռչող սարք է ընկել ու պայթել։ Այս մասին հայտնում է RT-ն։
Արտակարգ իրավիճակի հետևանքով տուժածներ չկան, RT-ին հայտնել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի մամուլի քարտուղարը։ Պայթյունից տուժած բնակարանների բնակիչները տարհանվել են։ Նրանք կստանան անհրաժեշտ օգնություն։
Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության և իրավապահ մարմինների աշխատակիցները։ Ձևավորվել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։
Ռուսական այլ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքն ընկել է Պիսկարևսկի պողոտայում գտնվող բնակելի շենքի մոտ։ Պայթյունի հետևանքով կոտրվել են բնակարանների ապակիները։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։ Միջադեպի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։
Ավելի վաղ Բելգորոդի տարածքում պայթել էր Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքը։ Պայթյունի հետևանքով ոչ ոք չէր տուժել։