Կակաոյի համաշխարհային գները ռեկորդ են գրանցել և մինչև տարեվերջ բարձր կմնան. կանխատեսում

Այս ամենի արդյունքում արտադրողները կարող են ավելացնել կաթնային շոկոլադի արտադրությունը, որպեսզի չթանկացնեն գներն (տնտեսելով կակաոն) ու պահպանեն գնորդներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կակաոյի համաշխարհային գները շուրջ մեկ տարվա (2023 թվականի սկզբից) ընթացքում կրկնապատկվել են` Նյու–Յորքի աճուրդում հասնելով մեկ տոննայի դիմաց ռեկորդային 9 010 դոլարի։
Ինչպես հայտնում է աֆրիկյան TrendsNAfrica Global (trendsnafrica.com) պարբերականը, պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն էին (սեզոնային ուժեղ քամին և անձրևների պակասը) և կակաոյի ծառերի հիվանդությունները։ Դրա հետևանքով Կոտ դ՛Իվուարում և Գանայում նվազել է բերքը (առաջինը արտադրում է համաշխարհային կակաոյի հատիկների ծավալի մոտ 40%–ը, երկրորդը` 20%)։
Բրազիլիան շաքարավազի գները իջեցնում է, Հնդկաստանը և Թաիլանդը՝ բարձրացնում. մանրամասներ
Պարբերականը, հղում անելով հրուշակեղենի բաղադրիչների մատակարար Henley Bridge–ի վերլուծությանը, նշում է, որ 2024 թվականին կակաոյի գները կբարձրանան 15-20%–ով։
Արդյունքում, թեև վերջին տարիներին աշխարհում սև շոկոլադի պահանջարկն աճում էր (իսկ կաթնայինինը` նվազում), սակայն առաջիկա 1-2 տարում արտադրողները հավանաբար կընդլայնեն կաթնային շոկոլադի արտադրությունը, որպեսզի չթանկացնեն գներն (տնտեսելով կակաոյի վրա) ու պահպանեն գնորդներին։