Գյումրիում շների ստերջացմամբ զբաղվող «Կումնի» ՍՊԸ-ի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կենդանասերները կասկածներ ունեն, որ Գյումրիի համայնքապետարանը հանցավոր գործարքի է գնացել ընկերության հետ` հարյուրավոր շների սպանդ իրականացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Գյումրիի համայնքապետարանի կողմից հայտարարված շների ստերջացման մրցույթին մասնակցած և հաղթած Կումնի ՍՊԸ-ն ստանձնած գործառույթները էական խախտումներով է իրականացրել, և կենդանասերների կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ կենդանասերները սոցցանցերում աղմուկ են բարձրացրել` կապված ՍՊԸ–ի գործունեության հետ։ Նշվում է, որ 500 շան ստերջացման համար Գյումրու համայնքային բյուջեից միլիոններ վերցած ՍՊԸ–ն քաղաքից շներին հավաքել, տարել է մի անասնագոմ։
Կենդանիների պաշտպանները, հետևելով կազմակերպության աշխատակիցներին, գաղտնի գնացել են Ջաջուռ (որտեղ տարվել ու պահվել են շները) ու տեսել, որ կենդանիներն օրերով սոված–ծարավ պահվում են անասնագոմում։
«Ստացվել է ընկերության կողմից ստանձնած գործառույթները որոշակի էական խախտումներով իրականացնելու և այլ հանգամանքների մասին հաղորդում։ Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` կատարվել է կենդանիների հետ տարվող աշխատանքների համար նախատեսված վայրի զննություն, ընկերության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել իրավասու մարմիններից, ինչպես նաև կատարվում են վարութային և քննչական այլ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները համակողմանի ստուգելու, համապատասխան անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ունենք լուրջ խնդիր, Երևանի հարակից մարզերում թափառող շներին չեն ստերջացնում. քաղաքապետարան
Այլ տվյալներ այս պահին հրապարակման ենթակա չեն։
Հավելենք, որ ըստ կենդանասերների ունեցած տվյալների` ՍՊԸ–ն մրցույթից ընդամենը 9 օր առաջ հիմնադրված ընկերություն է և բավականին քիչ գումար է պահանջել համայնքապետարանից, քան արժե մեկ շան ստերջացումը։
Կենդանասերները կասկածներ ունեն, որ Գյումրիի համայնքապետարանը հանցավոր գործարքի է գնացել ընկերության հետ` հարյուրավոր շների սպանդ իրականացնելու համար։