Ոչ միայն դամբարան, այլև ծիսական տարածք․ իրականում ի՞նչ կառույց է հայտնաբերվել Օհանավանում

Օհանավանում հայտնաբերված կառույցը
Օհանավան գյուղում՝ Քասախի կիրճում, բնակչի կողմից հայտնաբերված ժայռափոր դամբարանից տարբեր իրեր են գտնվել, որոնք մասնագետներին են հանձնվել։ Դրանք ԿԳՄՍՆ Պահպանության ծառայության ՊՈԱԿ-ում են։ Sputnik Արմենիան այցելել է ՊՈԱԿ՝ տեսնելու գտածոները։
Sputnik
Օհանավանում բնակչի կողմից փորման աշխատանքների ընթացքում բացված կառույցը ենթադրաբար ոչ միայն դամբարան է եղել, այլև ծիսական տարածք, չի բացառվում նաև, որ այնտեղ ճգնավոր է ապրել։ Այս կարծիքին է հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, որը տարբեր մասնագետների հետ ուսումնասիրում է կառույցից ու շրջակայքից դուրս բերված իրերը։ Դրանք բոլորը մասնագետներին է փոխանցել օհանավանցի տղամարդը, որը տուֆակերտ դամբարանային համալիրը հայտնաբերել է ավելի քան 18 մետր փորելու արդյունքում։ Այս մասին ավելի վաղ Sputnik Արմենիան մանրամասն պատմել էր։
Աշոտ Փիլիպոսյան
Գտածոների մեծ մասը բավական լավ վիճակում է փոխանցվել մասնագետներին։ Հիմնականում կավե ճրագամաններ են, ընդ որում՝ տարբեր՝ երկպատրույգ, քառապատրույգ, ութապատրույգ և այլն, կան ապակե սրվակի բեկորներ, մետաղի կտոր և այլն։ Հնագետի կարծիքով՝ գտնված բոլոր իրերն էլ հաստատում են՝ առաջին հայացքից վաղ միջնադարյան կառույցի հետ գործ ունենք, ամենայն հավանականությամբ՝ 4-5-րդ դարերի։ Շեշտում է՝ սա արդեն կառույցը բացառիկ է դարձնում, որովհետև այդ շրջանի կառույցները քիչ են՝ մատների վրա կարելի է հաշվել։
Կավե ճրագամաններ
Աշոտ Փիլիպոսյանը ցույց է տալիս հետաքրքիր բացահայտումներից մեկը՝ 5-րդ դարի անուշաբույր խունկ, որը գտնվել է խնկամանը մաքրելու արդյունքում։
Հայտնաբերված խունկը
Խունկը կուղարկվի ուսումնասիրության՝ պարզելու համար, թե ինչից է պատրաստված։ Ճրագամաններից մեկի միջից էլ գրեթե 1500 տարեկան մոմ է գտնվել։ Ճրագամանների մեջ կան և՛ գետնին դրվելու համար նախատեսվածներ, և՛ քառապատրույգ մի ճրագաման, որը կախվել է տարածքը լուսավորելու համար։
Խնկամանը, որում հայտնաբերվել է խունկը
«Այս ամենը նշանակում է, որ այստեղ ինչ-որ ծիսական արարողություններ են կատարվել, դա միայն դամբարան չէր կարող լինել։ Մուտքի մոտ նաև խորան կա փորված, նկատվում են երկու ներս ընկած հատվածներ, որտեղ ճրագամաններ կարող էին տեղավորվել։ Այս բոլորը վկայում է, որ գործ ունենք ոչ միայն թաղման ծեսի հետ, որը գուցե դրա մի մասն է կազմել, այլև մի սրբազան տարածքի, լանդշաֆտի հետ, որտեղ արարողություններ են կատարվել, դա անկասկած կատարվել է վաղ միջնադարում՝ քրիստոնեական վաղ փուլում, քրիստոնեություն ընդունելուց ոչ շատ ուշ»,- նախնական կարծիք է ասում մասնագետը։
Կառույցն առաջինը հայտնաբերած մարդկանց խոսքով՝ ճրագամանները դասավորված են եղել կողք կողքի, այսպես ասած, առաջնորդելով դեպի մուտքը, այսինքն՝ ճանապարհը լուսավորվել է։
Դամբարան-կառույցում եղել են նաև սարկոֆագներ, ոսկորների մնացորդներ, նաև տուֆից մշակված, քառակող սրբատաշ, հրեշտակների քանդակներով զարդարված պատվանդան, որի վրա մահարձան է եղել։
«Մուտքի քանդակազարդ մանրամասներն իրենց ոճով, կատարման տեխնիկայով կարծես թե հիշեցնում են Աղձքի դամբարանի մուտքը, որը ևս չորրորդ դարի երկրորդ կեսով է թվագրվում։ Այսինքն՝ միևնույն տարածքում մենք ունենք շատ հետաքրքիր վաղ միջնադարյան կառույցներ, որոնք մասնագիտական խոր ուսումնասիրության կարիք ունեն»,- ասում է Փիլիպոսյանը։
Հնագետը չի բացառում, որ սա կարող էր նաև ճգնավայր լինել։ Մուտքի մոտ՝ աջ կողմում հարթակ կա, որը կարող էր հանգստանալու կամ քնելու տարածք լինել։ Ըստ մասնագետի՝ եթե ճգնավոր եղել է, ապա հնարավոր է` այդ փոքրիկ տեղում է ապրել։
Փիլիպոսյանը մատնանշում է Քասախի մյուս ափին, բլրի վերևում գտնվող վաղ միջնադարյան եկեղեցին և Սերկևիլի ամրոցը։ Գործ ունենք ընդհանուր պատմամշակութային միջավայրի հետ, որը կարող էր վաղ շրջանից բնակեցված լինել, բայց արդեն վաղ միջնադարում տևականորեն օգտագործվել է։ Ամբողջ տարածքում նաև երկաթեդարյան խեցու բեկորներ են գտնվել, որոնք վկայում են՝ տարածքը հարյուրամյակներ շարունակ իսկապես բնակեցված է եղել։
Մի բան հաստատ է՝ առաջիկա հրատապ պեղումների իրականացման արդյունքում հետաքրքիր բացահայտումներ են լինելու։ Պեղումներն իրականացնում է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համատեղ արշավախումբը։
1 / 3

Օհանավանում հայտնաբերված կավե իր

2 / 3

Օհանավանում հայտնաբերված ճրագաման

3 / 3

Գտածոներ

Վանաձորի թաքնված հրաշքը․ ինչպես վարպետ Մեհրաբը ստեղծեց կառավարության շենքի քանդակները