ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Իրանի փորձագետների խորհրդում և Մեջլիսում (միապալատ խորհրդարան) այսօր ընտրություններ են։
Ընտրություններ Իրանում
© AP Photo / Vahid Salemi
Ըտրատեղամասերը կաշխատեն 10 ժամ` մինչև տեղական ժամանակով 18:00 (18:30 Երևանի ժամանակով)։ Անհրաժեշտության դեպքում քվեարկությունը կերկարաձգվի։
Ձայնի իրավունք ունի մոտ 60 մլն իրանցի։ Համաշխարհային բանկի 2022 թվականի տվյալներով` Իրանում ավելի քան 88 մլն մարդ է բնակվում։
IRNA–ն հայտնում է, որ ընտրատեղամասերի բացումից հետո առաջին րոպեների ընթացքում քվեարկել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Ալի Խամենեի
© AFP 2024 / ATTA KENARE
«Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այսօր ամբողջ աշխարհում հազարավոր աչքեր են նայում իրեն և այն բանին, թե ինչ ենք անում ընտրություններում», – ընդգծել է Խամենեին։
Իր ընտրությունն է կատարել նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Նշենք, որր փորձագետների խորհրդի ընտրություններն Իրանում անցկացվում են 8 տարին մեկ։ Այս տարի խորհրդում ընդգրկվելու համար (88 հոգևորականներից բաղկացած վերխորհրդարանական մարմին) հավակնում է 144 թեկնածու։ Մեջլիսի (290 տեղ) ընտրություններին թույլատրվել է մասնակցել 14 912 թեկնածուի, ինչը կազմում է հայտերի ընդհանուր թվի 73%–ը։ Այսպիսով` խորհրդարանի մեկ տեղի համար 51 մարդ է պայքարում։
Ընտրությունների անվտանգության ապահովման համար մոտ 190 հազար զինծառայող և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են ներգրավվել, իսկ երկրի հեռավոր մարզերից ընտրատուփերի տեղափոխման համար Իրանի ԶՈւ–ի կազմում գտնվող ուղղաթիռներ են ներգրավվելու։ Ազգային անվտանգությունն ապահովող բոլոր ծառայությունները, այդ թվում` սահմանապահ ծառայությունը, բարձր պատրաստության վիճակի են բերվելու։
Հարկ է նշել, որ Իրանի սահմանադրության մեջ քաղաքական, աշխարհագրական կամ այլ գործոնները հաշվի առնելով խորհրդարանի անդամների թվաքանակի փոփոխման հնարավորություն է նախատեսված. յուրաքանչյուր 10 տարին մեկ պատգամավորների թիվը կարող է 20 մարդով ավելանալ։ Կրոնական փոքրամասնություններին 5 տեղ է հատկացվում` ասորի քրիստոնյաներն ու քաղդեացիները միասին մեկ պատգամավոր են ընտրում, քրիստոնյա հայերը` երկու, հրեաներն ու զրադաշտները` մեկական։ Պատգամավորական լիազորությունների ժամկետը չորս տարի է։