ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Անթալիայում կազմակերպված դիվանագիտական համաժողովի շրջանակում և խոսել Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Ընդգծվել է բազմակողմ ձևաչափերի, այդ թվում՝ կասպիական հնգյակի և «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հանձնառությունը», - ասված է հաղորդագրությունում։
Նախարարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ միջազգային հարցեր: