ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ալեքսեյ Նավալնիին այսօր հուղարկավորել են Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը:
Հուղարկավորությունից առաջ թաղման կարգ է կատարվել Մարյինոյի Աստվածամոր Սրբապատկերի տաճարում: Այնտեղ էլ կայացել է հրաժեշտի արարողությունը։
Դագաղը գերեզմանափոսն են իջեցրել Ֆրենկ Սինատրայի «My Way» երգի ներքո։ Ընդդիմադիր գործչի ծնողների` Անատոլի և Լյուդմիլա Նավալնիների հետ սահմանափակ թվով մարդկանց են թույլ տվել մտնել գերեզմանատուն։
Քաղաքական գործչին հրաժեշտ տալու են գնացել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Թոմ Դոդը, Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին, Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆը, Կանադայի դեսպան Սառա Թեյլորը: Բացի այդ, նկատվել են Իռլանդիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելգիայի և Ավստրիայի դեսպանների մեքենաները:
ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության Յամալի վարչության տվյալներով՝ փետրվարի 16-ին զբոսանքից հետո Նավալնին վատ է զգացել, կորցրել է գիտակցությունը և մահացել: Նախնական տվյալներով՝ թրոմբ է պոկվել, մահվան ստույգ պատճառները պարզվում են:
Լաբիտնանգի քաղաքային հիվանդանոցից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ 9 րոպեում տեղ հասած շտապօգնության բժիշկներն ավելի քան կես ժամ ապարդյուն փորձել են վերակենդանացնել Նավալնուն: Փաստի առթիվ նախաքննական ստուգում է սկսվել։
Նավալնին բանտարկվել էր 2021 թվականին, երբ «Իվ Ռոշեի» գործով նրա պայմանական պատիժը փոխարինվել էր իրական ազատազրկմամբ՝ պայմանական դատապարտման ռեժիմի խախտումների պատճառով։ Այլ քրեական հոդվածներով մի քանի դատավարություններից հետո, այդ թվում՝ ծայրահեղական համայնքի ստեղծում, խարդախություն և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք (վիրավորել էր դատավորին, որը դատում էր նրան պատերազմի վետերանին զրպարտելու համար), բանտարկության վերջնական ժամկետը հասել էր 19 տարվա (հատուկ ռեժիմի գաղութում)։