ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Գայի պողոտայի սկզբնամասում, այս պահին լարված իրավիճակ է։ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» ռեստորանային համալիրի միջև ընկած հատվածում ինքնակամ կառուցված 8 բնակելի տների բնակիչները բողոքի ցույց են անում, քանի որ Երևանի քաղաքապետարանն այդ տները քանդելու որոշում է կայացրել։ Այս պահին ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել։
Մինչ այդ լրագրողների հետ զրույցում բնակիչները նշեցին, որ տևական ժամանակ դիմել են քաղաքապետարան, որպեսզի իրենց տները օրինականացվեն, սակայն արձագանք չի եղել։
Նրանք համոզված են, որ Երևանի քաղաքապետարանն իրենց տները քանդում է ոչ թե տարածքը կանաչապատելու, այլև նոր շինություն կառուցելու համար։
Նշենք, որ ցուցարարների կողքին են Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամները։ Նրանք պահանջում են համապատասխան փաստաթուղթ տրամադրել ծանոթանալու համար, թե ինչի հիման վրա են աշխատանքներ իրականացվում, սակայն քանդման աշխատանքներ կատարողները որևէ փաստաթուղթ չեն տրամադրում։ Այս պահին արմատախիլ են անում տարածքի ծառերը։
Նոր նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քանդման աշխատանքներ սկսելու որոշումն ինքը չի կայացրել, դա արել է Երևանի քաղաքապետարանը։
«Սա կանաչապատ տարածք չէ, ծառեր կան, բայց բարեկարգ չէ։ Բնակիչներն ինձ բազմիցս դիմել են այդ տները սեփականաշնորհելու համար, սակայն ես ասել եմ, որ սեփականաշնորհելու տարբերակ չկա։Սա զավթած տարածք է, որը մի օր պետք է քանդվեր»,–ասաց նա։
Նրա խոսքով` բնակիչները ժամանակին հանդիպել են Տիգրան Ավինյանին, երբ նա դեռ Երևանի քաղաքապետի թեկնածու էր։ Ավինյանն էլ է ասել, որ հնարավոր չէ տարածքները սեփականաշնորհել։
Նոր նորք վարչական շրջանի ղեկավարը վստահեցրեց, որ տարածքը չի վաճառվելու, այստեղ շենքեր չեն լինելու, լինելու է բարեկարգ, կանաչապատ տարածք։