Միրզոյան–Բայրամով բանակցություններն ավարտվել են. ի՞նչ են պայմանավորվել

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը
Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Բեռլինում ավարտվել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնց արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Բանակցությունները մեկնարկել էին փետրվարի 28-ին և շարունակվել այսօր` փետրվար ի29-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում։

«Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։

Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։
Միրզոյանը Գերմանիային շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Միաժամանակ, ըստ նրա, Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, ինչի մասին են վկայում այդ երկրի գործողությունները: Փաշինյանի խոսքով` Ալիևը ոչ թե տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղության պայմանագրի է ձգտում, այլ ավելի շուտ` Հայաստանի նոր տարածքների գրավման: