ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Բեռլինում մեկնարկել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2–րդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Անի Բադալյանը։
«Համաձայն նախապես մեր կողմից հայտարարվածի` Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նա նշել է, որ շարունակվում են քննարկումները Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ:
Հավելենք, որ երեկ` փետրվարի 28–ին, Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։