ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Վայքում 17-ամյա պատանու մոտ տարբեր անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, փետրվարի 28-ին Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու և Արին բնակավայր տանող ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել գնդևազցի 17-ամյա մի պատանու:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և տարբեր անվանական արժեքով ռուբլու և դրամի կեղծ թղթադրամներ:
Պատանին հայտնել է, որ դրանք ձեռք է բերել «Վայլդբերրիզ» օնլայն խանութից համացանցով պատվիրելու միջոցով: Հայտնել է նաև, որ մոտ 10 օր առաջ 10 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու շենքերից մեկի առաջին հարկի խաղալիքների խանութում: Ոստիկանության ծառայողների պահանջով նշված խանութի տերը ներկայացրել է կեղծ թղթադրամը:
17-ամյա պատանին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն: