Տեղ համայնքի մոտ ադրբեջանցի զինծառայող է հատել շփման գիծը. ԱԱԾ

Տեղ համայնք
Ադրբեջանական զինված ուժերի զինծառայողը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի զինծառայողներից մեկը Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում։

«Զինծառայողը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Նա վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից։ Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է»,– նշում է ԱԱԾ–ն:

Միաժամանակ Ադրբեջանի ՊՆ–ն տեղեկացնում է, որ ադրբեջանական բանակի զինծառայող Փանախով Ռուսլան Էլդանիզ օղլուն, տեղաշարժվելով Լաչինի շրջանի դիրքերի միջև, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել է։
Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն ավելի վաղ հայտնել էր, որ Տեղ գյուղի մոտ ադրբեջանցի 2 զինվոր է հատել սահմանը, նրանցից մեկը բռնվել է, մյուսը` փախել։