ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Հայաստանի ողջ ժողովրդի և անձամբ իր անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին և մերձավորներին։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նա շեշտել է, որ ղեկավարելով ԽՍՀՄ նախարարների խորհուրդը՝ Նիկոլայ Ռիժկովը համակարգել է Սպիտակ քաղաքում հազարավոր կյանքեր խլած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները։
«Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ և կատարելով իր պարտքը՝ Նիկոլայ Ռիժկովը հավերժ դրոշմեց իր անունը հայ ժողովրդի հիշողության մեջ՝ որպես ամենածանր պահին օգնության ձեռք մեկնած հավատարիմ ընկերոջ, ինչի համար նրան շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչումը»,–ասվում է Փաշինյանի ցավակցական ուղերձում։
Հիշեցնենք` ռուս պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը մահացել է այսօր` փետրվարի 28-ին, 94 տարեկանում։ Նա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի վերջին նախագահն էր (1985-1991)։