Պայմանագիր չկա՞, գործառույթներ կա՞ն. Փաշինյանը խոսել է Սյունիքում ՌԴ սահմանապահների մասին

Փաշինյանը հայտարարում է, որ ՌԴ սահմանապահները մանդատ չունեն, բայց պահանջում է կատարել գործառույթները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածքում ռուս սահմանապահների ներկայությունը կարգավորող որևէ մանդատ և պայմանագիր գոյություն չունի: Նա այդ հայտարարությունն արեց` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։
Միաժամանակ Փաշինյանը նշեց` եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահներն այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն նաև համապատասխան հետևություններ։
ՀՀ վարչապետի խոսքով` հայ–ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակը շատ հատվածներում ինքնաբուխ է ստեղծվել, և դա կապված է եղել հետպատերազմական իրադարձությունների հետ:
Աննա Գրիգորյանը, անդրադառնալով Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական էսկալացիային, նշեց, որ հայ տարբեր պաշտոնյաներ ասում են, որ այդ հատվածը ռուսական վերահսկողության գոտի է։
«Ի՞նչ է նշանակում, որ ՀՀ ինչ–որ տարածք հանդիսանում է 3–րդ երկրի պատասխանատվության գոտի։ ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, օրինակ, հայտարարեց, որ ՌԴ–ն չկարողացավ կանխել արյունալի բախումը Ներքին Հանդում։ Հարց է առաջանում` ի՞նչ մանդատով են ռուս սահմանապահները կանգնած այնտեղ, իրավական ի՞նչ պայմանագրի հիման վրա, կոնկրետ ի՞նչ պատասխանատվություն ունեն, քանի որ եթե հնչեցվում է մեղադրանք, որ չկարողացան կանխել արյունալի բախումը, ուրեմն ինչ–որ պատասխանատվություն ունեն։ Արմեն Գրիգորյանը նաև ասել է, որ ռուս սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ։ Ուզում եմ հասկանալ` մեր սուվերեն տարածքում մի երկրի ներկայացուցիչ խոչընդոտում է մեկ այլ երկրի ներկայացուցչի՞։ Այսինքն` ՀՀ կառավարությունը ՌԴ և ԵՄ ներկայացուցիչներին բերում, կանգնեցնում է այդտեղ, ասում է` պայմանավորվեք, ինքը մեջտեղից դուրս է գալիս։ Պետությունն այստեղ գործառույթ ունի՞, թե՞ ոչ»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Փաշինյանը պատասխանեց` որևէ մեկը չի հայտարարել, որ դա ՌԴ պատասխանատվության գոտին է, այլ հնչել է ահազանգ, ու հիմա քննվում է, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը։
Ի դեպ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարեց, որ Ներքին Հանդի շրջանում 2021 թվականին ԱԴԾ սահմանապահ ծառայության հենակետ է տեղադրվել հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 հայ զինծառայող էր զոհվել, 1-ը՝ վիրավորվել: