ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում մարտից մի շարք դեղեր չեն կարողանա գնել առանց էլեկտրոնային դեղատոմսի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
Նշենք, որ էլեկտրոնային դեղատոմսի համակարգը մեկնարկել է 2022 թվականի հուլիս ամսից, այն փուլային սկզբունքով է ներդրվել։ Սկզբնական փուլում կենտրոնական գնումներով ստացված դեղորայքն է ներդրվել, մեկնարկել է 1 պոլիկլինիկայի բազայի հիման վրա։ Հետագայում հաշվի են առնվել բոլոր տեխնիկական խնդիրները, ու կարգը հերթով տարածվել է հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում։
Այս ամենից հետո ներդրվել է անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու փուլը։ Շուտով ամբողջությամբ կբացառվի թղթային տարբերակով դեղատոմսի դուրսգրումը։
«Մարտ ամսից դեղատոմսով են դառնալու բոլոր հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային դեղերն ու իմունային շիճուկները, ինչպես նաև իմունոգլոբուլինը, պատվաստանյութերը և միզոպրոստոլ պարունակող դեղերը»,– նշեց ԱՆ փոխնախարարը։
Փոխնախարարը նաև շեշտեց, որ միայն կենտրոնացված գնումներով ստացած դեղորայքից պիլոտային ծրագրի շրջանակում 1,7 մլն–ից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, իսկ անվճար և արտոնյալ պայմաններով` մոտ 600 000։ Այսինքն` բոլոր դեղատոմսերը դուրս են գրել առաջնային օղակի բժիշկները և ներգրավված են առաջնային օղակի բոլոր հիմնարկները։
Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանն էլ նշեց, թե ինչ սկզբունքով է աշխատելու համակարգը։ Բժիշկը դուրս է գրելու դեղատոմսն էլեկտրոնային եղանակով, որտեղ նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, թե օրական քանի անգամ և ինչպես պետք է ընդունել այն։ Այս գործընթացից հետո պացիենտը կարող է գնալ դեղատուն, որտեղ աշխատակիցը փնտրում է այդ անձի անունը ու դրանից հետո միայն տրամադրում դեղորայքը։ Դեղատոմսը մարվում է միայն այն դեպքում, երբ պացիենտը ստանում է բոլոր դեղերը, այսինքն` անձը պարտավոր չէ միանվագ վերցնել իր դեղերը, դա կարող է անել նաև մաս–մաս։
Սարգսյանի խոսքով` բուժառուն պարտադիր պետք է դեղատուն մոտենա անձը հաստատող փաստաթղթով, այլապես այնտեղի աշխատակիցը չի կարողանա հասանելիություն ունենալ նրա դեղատոմսին։ Բուժառուի փոխարեն կարող է կոնտակտային անձը մոտենալ, բայց նա նույնպես պետք է անձը հաստատող փաստաթղթով մոտենա։