Արցախցիներին ապրելու համար առաջարկվող տարածքները և աշխատատեղերը համադրելի չեն. փոխվարչապետ

Փոխվարչապետը համաձայն է, որ աշխատանքի հնարավորություններն ավելի մեծ են մայրաքաղաքում և դրան սահմանակից մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ապրելու համար առաջարկվող տարածքներն ու այնտեղ աշխատելու հնարավորությունները համադրելի չեն։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Ընդունում ենք, որ Հայաստանի բոլոր մարզերում չէ, որ աշխատանքի հնարավորությունները մեծ են։ Կամ կարող ենք միանգամից համաձայնել, որ աշխատելու հնարավորություններն ավելի մեծ են Երևանում և սահմանակից մարզերում։ Բայց նաև աջակցության հիմքում դրված է այն մոտեցումը, որ ընտանիքն է ընտրում, թե որտեղ իրացնել իր գնման իրավունքը»,- ասաց փոխվարչապետը։
Նրա կարծիքով՝ իրավիճակը բնական կարգավորման արդյունքի կգա։ Կառավարությունը նաև որոշակի մարզերում լրացուցիչ աջակցության միջոցներ կգործադրի։
Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետը փետրվարի 27–ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ այն արցախցիները, որոնք կդառնան ՀՀ քաղաքացի ու կենսականորեն իրենց ապագան կկապեն Հայաստանի հետ, հնարավորություն կստանան այստեղ սեփականության իրավունքով տուն ունենալու։
Նրա խոսքով` 10 տարի անց միայն ընտանիքը հնարավորություն կստանա տնօրինելու այդ գույքը, այդ թվում` վաճառելու։
Փոխվարչապետն ընդգծել էր, որ այն տարածքները, որոնք կտրամադրվեն արցախցիների տների կառուցման համար, չեն լինի բացառապես սահմանամերձ բնակավայրեր, սակայն կլինեն առավելապես գյուղական բնակավայրեր։