ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Վաշինգտոնը շարունակում է կոչ անել կողմերին՝ ձգտելու հասնել տևական և կայուն համաձայնության, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Տեղեկությունը հայտնում են ԱՄՆ Պետական դեպարտամենտից։
Խոսնակը պատասխանել է հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն Հայաստանի և Ադրբեջանի բեռլինյան հանդիպումից։
«Ես հայտարարություններ չունեմ անելու, բայց մենք շարունակում ենք խրախուսել կողմերին՝ ձգտելու հասնել տևական և կայուն համաձայնության», - ասել է Միլլերը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների գլխավորած պատվիրակությունները կհանդիպեն Բեռլինում փետրվարի 28-29-ը՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության։
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ բանակցություններ են անցկացրել ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում։
2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։