Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը. ՔԿ

ՔԿ
Ըստ ՔԿ–ի` զինծառայողները վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, և նրանցից մեկը կրակել է մյուսի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը, որը նույնպես շարքային է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՊՆ–ն Զաքարյանի մահվան մասին հայտնել էր փետրվարի 24-ին` նշելով, որ նա հրազենային վիրավորում է ստացել։ Նրա մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել սպանության հատկանիշներով։
ՔԿ–ն տեղեկացնում է, որ նախաքննությամբ պարզվել են զինծառայողի մահվան դեպքի մի շարք էական հանգամանքներ։
«Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Ա․ Զաքարյանի միջև։ Դրա ընթացքում Ս․Պ․-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և, թիրախավորելով Ա․ Զաքարյանին, մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում։ Ստացած հրազենային վիրավորումից զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում Ա․ Զաքարյանը մահացել է»,– ասված է հաղորդագրությունում։
Զինծառայող Ս․ Պ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Միջնորդությունը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։