Թուրքերն արտերկրում բնակարան են գնում գների աճի և երկրաշարժերի սպառնալիքի պատճառով

Թուրքիայում բնակարանների պահանջարկը կտրուկ նվազել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Թուրքիայի քաղաքացիները սկսել են զանգվածաբար անշարժ գույք գնել արտասահմանում երկրում գների աճի պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Posta թերթին։
«Թուրքերը վերակողմնորոշվել են արտասահմանում բնակարան գնելու ուղղությամբ։ Թուրքիայի քաղաքացիները սկսել են արտերկրին նախապատվություն տալ գների աճի, վարկերի տոկոսադրույքների, երկրաշարժերից վախի և վիզային առավելությունների պատճառով»,-գրում է պարբերականը:
Նշվում է, որ անցյալ տարի Թուրքիայում վաճառվել է 1 միլիոն 225 հազար տուն, ինչը 17,5 տոկոսով պակաս է, քան նախորդ տարի։
Մինչ երկրի ներսում նման պատկեր է, համաշխարհային պահանջարկը բավականին ակտիվ է։ Վարձակալությունից ստացվող արտարժույթով եկամուտը, առանց վիզայի ազատ տեղաշարժի իրավունքը, Եվրոպական Միության երկրներում առևտրի և աշխատանքի իրավունքը ներդրողներին դրդում են անշարժ գույք գնել արտերկրում։ Ամենապահանջված երկրների առաջին եռյակում են Հունաստանը, Անգլիան, ԱՄՆ-ը (ավելի կոնկրետ՝ Մայամին), հայտնում է թերթը: