Նավալնին իրոք թրոմբից է մահացել․ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին . Արխիվային լուսանկար
Բուդանովը նույնիսկ ափսոսանք է հայտնել, որ Նավալնու մահը բնական պատճառներով է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գաղութում մահացել է բնական մահով՝ թրոմբի պատճառով: Այս մասին հայտնում են ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ները։
«Եվ դա քիչ թե շատ հաստատված է, ցավոք, բնական մահ է»,-ասել է Բուդանովը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության Յամալի վարչության տվյալներով՝ փետրվարի 16-ին զբոսանքից հետո Նավալնին իրեն վատ է զգացել, կորցրել է գիտակցությունը և մահացել: Նախնական տվյալներով՝ թրոմբ է պոկվել, մահվան ստույգ պատճառները պարզվում են:
Լաբիտնանգի քաղաքային հիվանդանոցից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ 9 րոպեում տեղ հասած շտապօգնության բժիշկները կես ժամից ավելի ապարդյուն փորձել են վերակենդանացնել Նավալնուն: Փաստի առթիվ նախաքննական ստուգում է սկսվել։
Նավալնին բանտարկվել էր 2021 թվականին , երբ «Իվ Ռոշեի» գործով նրա պայմանական պատիժը փոխարինվեց իրական ազատազրկմամբ՝ պայմանական դատապարտման ռեժիմի խախտումների պատճառով։ Այլ քրեական հոդվածներով մի քանի դատավարություններից հետո, այդ թվում՝ ծայրահեղական համայնքի ստեղծում, խարդախություն և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք (վիրավորել էր դատավորին, որը դատում էր նրան պատերազմի վետերանին զրպարտելու համար), բանտարկության վերջնական ժամկետը հասել էր 19 տարվա՝ հատուկ ռեժիմի գաղութում։