ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Փլուզված և կիսափլուզված տներ, կոտրված պատուհաններ, անտուն մնացած քաղաքացիներ, փլատակներ. ահա այս պատկերն է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 34–րդ փողոցում տեղի ունեցած պայթյունից 22 օր անց։
Իրավիճակը Նոր Արեշ թաղամասի 34–րդ փողոցում
© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքացիները դժգոհ են` իրենց մոտ ոչ ոք չի եկել համապատասխան կառույցներից. ո՛չ օգնություն են առաջարկել, ո՛չ էլ փոխհատուցում. իրենք են մեկը մյուսին օգնելով փորձում գլուխ հանել ստեղծված իրավիճակից։
Իրավիճակը Նոր Արեշ թաղամասի 34–րդ փողոցում
© Sputnik / Asatur Yesayants
Բացի ամբողջությամբ փլուզված 3 տնից, ևս 3 տան բնակիչներ դրսում են մնացել` մեկի տան դրսի պատն է կիսով չափ փլուզվել, մյուսի` տանիքը։ Մնացած տներում վնասվել են դռներ և պատուհաններ։
«Այս ընթացքում 2 անգամ է տրակտոր եկել ու մի քիչ մաքրել փլուզված տների տարածքը։ Որևէ մեկն այս ընթացքում չի եկել, չի հետաքրքրվել, թե ինչ վիճակ է, առանց տուն մնացած մարդիկ ոնց ու որտեղ են ապրում։ Մեր մասին էլ չեմ խոսում, թե քանի տան դուռ ու պատուհան է կոտրվել, փոխհատուցում էլ չկա։ Թաղապետարանից (խոսքը Էրեբունու թաղապետարանի մասին է,– խմբ.) մեկ անգամ են եկել` հենց պայթյունի օրը, և վերջ։ Ով ոնց կարողանում, այնպես էլ փորձում է իր գլխի ճարը տեսնել. ուրիշ տարբերակ չկա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց 34-րդ փողոցի բնակիչներից Գառնիկը։
Տիկին Գոհարի տանն էլ պատուհանները, դուռը և տանիքի որոշ հատվածն են վնասվել։ Հարևաններից մեկը պատուհան ու դուռ է նվիրել, տեղադրել են, բայց տանը դեռ հնարավոր չէ ապրել։ Առայժմ իր անչափահաս երեխայի և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող մոր հետ ապրում են քրոջ մոտ` Կոտայքի մարզի Կապուտան գյուղում։
Իրավիճակը Նոր Արեշ թաղամասի 34–րդ փողոցում
© Sputnik / Asatur Yesayants
«Քույրս իր 5 երեխայի և ընտանիքի մյուս անդամների հետ Արցախից են տեղահանվել, իրենք էլ վարձով են ապրում։ Հիմա ես մեկ–մեկ գալիս եմ այստեղ, եղբորս ընկերը գալիս, օգնում է որոշ հարցերում, ուզում եմ որոշ չափով տունը կարգի բերել, որ գամ, ապրեմ։ Երեխաս դպրոց էլ չի գնում, միայն Viber-ով հանձնարարություններն իմանում ենք, անում, ուղարկում։ Եթե հնարավոր է, կցանկանայի, որպեսզի մի քիչ աջակցեին, տանիքը վերանորոգեինք։ Ինձ նման ևս 5 ընտանիք անտուն է մնացել»,– ասաց Գոհարը։
Մեկ այլ բնակիչ էլ, որի պատշգամբի պատերը, պատուհաններն ու դռներն են վնասվել, նշեց, որ թեև քաղաքապետարանից լրատվամիջոցներին ասել են, թե կաջակցեն, բայց ինքն անձամբ չի հավատում դրան։
Իրավիճակը Նոր Արեշ թաղամասի 34–րդ փողոցում
© Sputnik / Asatur Yesayants
«Իմ տանը «теплый пол» (ջեռուցվող հատակ,–խմբ.) էի արել, ամբողջությամբ տրաքել ու վնասվել է, ո՞վ է փոխհատուցելու։ Մոտ 5000-6000 դոլարի վնաս միայն ես ու իմ եղբայրն ենք կրել (նրանց տները նույն շենքում են` բաժանված 2 մասի,– խմբ.)»,– ասաց բնակիչը։
Մեկ այլ բնակչուհի էլ պնդում է` թաղապետարանում նշել են` եթե հաստատվի, որ պայթյունը գազի հետևանքով է եղել, ապա «Գազպրոմ Արմենիան» կփոխհատուցի, եթե ոչ, ապա գործը դատարան կգնա։
«Հիմա տուն ենք վարձել, ապրում ենք ընտանիքով` ամուսինս, 2 ուսանող աղջիկներս, մայրիկս և ես։ Փետրվարի 5-ից մինչև հիմա մի դրամի օգնություն անգամ չենք ստացել, որպեսզի վարձի գումար տանք։ Սկզբում բարեկամների տներում մնացինք, հիմա որոշեցինք վարձել։ Մեր դիմացի տանն էլ 2 թոշակառու է ապրել ու իրենց չափահաս երեխաները, բայց նրանք էլ օգնություն չեն ստացել»,– ասաց կինը։
Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հակառակը պնդեց։ Նա ընդգծեց` փետրվարի 23-ին են հանդիպել ամբողջությամբ և մասնակի փլուզված տների բնակիչների, ընդհանուր առմամբ` 7 ընտանիքի հետ։
Իրավիճակը Նոր Արեշ թաղամասի 34–րդ փողոցում
© Sputnik / Asatur Yesayants
«Այդ օրը որոշվեց, որ 7 ընտանիքին էլ միանվագ 300 000–ական դրամ կտրամադրենք բնակարաններ վարձակալելու նպատակով, որպեսզի այս պահին անօթևան չմնան։ Դիմումներն ընդունելու ընթացակարգն արդեն սկսված է։ Ներկայում էլ սպասում ենք իրավապահ մարմինների կողմից վերջնական եզրակացությանը»,– նշեց փոխքաղաքապետը։
Խոսելով այն անձանց մասին, որոնց տների դռներն ու պատուհաններն են վնասվել, Մադաթյանը շեշտեց` Երևանի քաղաքապետարանը մասնավոր սեկտորի հանդեպ պարտավորություններ չունի վնասի փոխհատուցան։ Եթե պարզվի, որ գազի հետևանքով է պայթյունը տեղի ունեցել, հետագա փոխհատուցման հարցը կլինի «Գազպրոմ Արմենիա» ընկերության տիրույթում։ Այլ պատճառ ի հայտ գալու դեպքում կփորձեն հասկանալ, թե պետությունն ինչ է պատրաստ անել և ինչպես կարող են աջակցել տուժած բնակիչներին։
Իրավիճակը Նոր Արեշ թաղամասի 34–րդ փողոցում
© Sputnik / Asatur Yesayants
Հավելենք, որ լուրերը, թե երիտասարդ տղան, որի տնից եղել է պայթյունը, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, ըստ այդ փողոցի բնակիչների` սուտ են։
Իրավիճակը Նոր Արեշ թաղամասի 34–րդ փողոցում
© Sputnik / Asatur Yesayants
Հիշեցնենք, որ պայթյունը Էրեբունիում տեղի էր ունեցել փետրվարի 5-ին։ Այդ օրը փրկարարները փլատակներից դուրս էին բերել Նոր Արեշի 34-րդ փողոցի տներից մեկում ապրող ամուսինների` 37-ամյա Հայկ Սողոմոնյանի և 54-ամյա Գայանե Եղոյանի դիերը։ Մի քանի օր առաջ էլ հիվանդանոցում մահացել է փլատակներից դուրս բերված 86-ամյա Ռոզա Նազարյանը։
Փլատակներից դուրս բերված 30-ամյա Հրանտ Սարգսյանը դեռ բուժհաստատությունում է։
Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։