ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ընթացքում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Փոխգործակցություն-2024» զորավարժության անցկացման մասին, որին կմասնակցեն հինգ երկրների զորակազմերը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Այդ զորավարժությունները, նրա խոսքով, Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի տարեկան պատրաստության գագաթնակետը կդառնան և ուղղված են գործողությունների համակարգմանը՝ արմատական խմբավորումների կողմից ուժգնացող սպառնալիքի և Կենտրոնական Ասիայում արևմտամետ ՀԿ-ների ապակայունացնող ազդեցության պայմաններում:
Շոյգուն ընդգծել է, որ տարածաշրջանը լուրջ մարտահրավերների հետ է բախվում, այդ թվում՝ «Իսլամական պետության» զինյալների թվի 15 տոկոս աճի և Կենտրոնական Ասիայի հանրապետություններում թմրանյութերի արտադրության գրեթե 20 տոկոս աճի:
Նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել արևմտամետ հասարակական կազմակերպությունների դերին, որոնք Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ֆոնին ուժեղացրել են հակառուսական հռետորաբանությունը Կենտրոնական Ասիայի երկրներում: Նախարարը կարծում է, որ նրանց գործունեությունը խաթարում է տարածաշրջանի պետությունների ռազմատեխնիկական, տնտեսական և մշակութային համագործակցությունը Ռուսաստանի հետ: Ի պատասխան այդ սպառնալիքների՝ Ռուսաստանը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում իր շահերը պաշտպանելու և ՀԱՊԿ հարավային սահմաններին անվտանգությունն ամրապնդելու նպատակով։
«Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է բարդ մնալ։ Ամենամեծ սպառնալիքը, ինչպես և նախկինում, գալիս է Աֆղանստանի տարածքից»,-ասել է Շոյգուն ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում։
Նա հավելել է, որ 2024 թվականին Կենտրոնական ռազմական օկրուգի հիմնական ջանքերը կկենտրոնանան տարածաշրջանի երկրներում ճգնաժամային իրավիճակների լուծման և Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի տարածքներում ծրագրված յոթ զորավարժություններին մասնակցության վրա:
ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» զորավարժությունները կարևոր փուլ կդառնան մասնակից պետությունների ռազմական կոնտինգենտների միջև գործողությունների համակարգման և փորձի փոխանակման գործում, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգության ժամանակակից սպառնալիքներին հակազդելուն: