ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Դատարանը մերժեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովի գործով դատախազ Արթուր Դանիելյանին վարույթից հեռացնելու միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Քոչարյանի փաստաբաններից մեկը` Ալեքսանդր Կոչուբաևը, դատախազ Արթուր Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Նա մինչ այդ էլ տեսանյութ էր ցուցադրել, որում վերոնշյալ դատախազն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը զրուցում են վերջինիս առևանգման գործով դատական նիստի ժամանակ։ Պաշտպանական կողմը շեշտել էր, որ այստեղ կողմնակալության և անկախության խնդիր են տեսնում։
Հիշեցնենք` Լևոն Քոչարյանին և նրա ընկերոջը` Սերգեյ Ասատուրովին, մեղադրում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու և ոստիկաններին հարվածներ հասցնելու մեջ։ Այնինչ տուժող համարվող ոստիկաններ Հրաչիկ Խաչատրյան և Վարդան Հովհաննիսյանի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների, բռնության որևէ հետք կամ վնասվածք չի հայտնաբերվել։ Նիստն ընթանում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Լևոն Քոչարյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին կալանավորվեց և ազատ արձակվեց նոյեմբերի 6-ին։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Ի դեպ, Ասատուրովի նկատմամբ խափանման միջոցը կիրառվել է մի քանի օր առաջ։