Դատարանն ուժի մեջ թողեց Լևոն Քոչարյանի խափանման միջոցը

Լևոն Քոչարյան
Փաստաբանները նշեցին, որ Քոչարյանը` որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պետք է արտերկիր մեկնի, սակայն դատավորն առաջարկեց հարցին կրկին անդրադառնալ հետագայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի դեմ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, ներկայացնելով միջնորդությունը, նշեց, որ իր պաշտպանյալը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի անդամ, ինչը արտասահման մեկնելու անհրաժեշտություն է ենթադրում։
Սերգեյ Ասատուրովի փաստաբան Արայիկ Ներսիսյանն էլ իր հերթին հայտնեց, որ 2024 թվականի մայիսի 21-ից հունիսի 1-ը Տեխասում անցկացվելու են փաուերլիֆթինգի միջազգային մրցումներ, որոնցում Քոչարյանն ու Ասատուրովը պետք է ներկայացնեն Հայաստանի ազգային հավաքականը։ Նա միջնորդեց խափանման միջոցը փոխարինել 500 հազարից 1 միլիոն դրամ գրավով։
Մեղադրող կողմը հայտարարեց, որ խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու պատճառ չի տեսնում։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց խափանման միջոցը թողնել ուժի մեջ, քանի որ ռիսկերը պահպանվում են։
Հաջորդ փուլերում դատարանը պատրաստ է վերադառնալ այս հարցի քննարկմանը։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 7-ին։
Ավելի վաղ դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել էր Քոչարյանի մեկ այլ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի՝ մեղադրող Արթուր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։
Հիշեցնենք` Լևոն Քոչարյանին և նրա ընկերոջը` Սերգեյ Ասատուրովին, մեղադրում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու և ոստիկաններին հարվածներ հասցնելու մեջ։ Այնինչ տուժող համարվող ոստիկաններ Հրաչիկ Խաչատրյան և Վարդան Հովհաննիսյանի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների, բռնության որևէ հետք կամ վնասվածք չի հայտնաբերվել։ Նիստն ընթանում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Լևոն Քոչարյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին կալանավորվեց և ազատ արձակվեց նոյեմբերի 6-ին։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Ի դեպ, Ասատուրովի նկատմամբ խափանման միջոցը կիրառվել է մի քանի օր առաջ։