Ապրիլին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ կանցկացվեն ՄԱԿ–ի դատարանում. Կիրակոսյան

ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի խոսքով` ՀՀ քաղաքական ղեկավարներն իրենց հետ չեն քննարկել Ադրբեջանի հետ փոխադարձաբար գանգատներից հրաժարվելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. 2024 թվականի ապրիլի 15–26–ը ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանում կանցկացվեն լսումներ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ադրբեջանի պահանջներն անհիմն են. Հայաստանը՝ արբիտրաժային գործընթացի մասին
Միաժամանակ Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է աշխատանքները Եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած պահանջների վերաբերյալ գործողությունների առումով։
Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։
Կիրակոսյանն ընդգծեց, որ ՀՀ քաղաքական ղեկավարներն իրենց հետ չեն քննարկել Ադրբեջանի հետ փոխադարձաբար գանգատներից հրաժարվելու հարցը։
«Մենք շարունակում ենք զբաղվել այդ իրավական գործընթացներով, դրանք հիմնավոր են և պետք է շարունակվեն։ ՀՀ տեսանկյունից էլ այդ պահանջները, որ դրված են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում և Եվրոպական դատարանում, տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքների խախտման, ոտնահարման մասին են, և նրանց իրավունքների պաշտպանության նպատակով էլ այդ իրավական գործընթացները նախաձեռնվել են»,–ասաց նա։
Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում:
Առաջինը միջպետական գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրան հաջորդած խախտումներին։ Երկրորդ գանգատը վերաբերում է Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին, երրորդ բողոքը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությանը, չորրորդը՝ Լեռնային Ղարաբաղում 2022 թվականի մարտից սկսած իրադարձություններին. դա ներառում է գազամատակարարման ընդհատումները, Փառուխ և Քարագլուխ գյուղերի մոտ մարտերը, Լաչինի միջանցքի արգելափակումը, և, իհարկե, 2023 թվականի սեպտեմբերի ցավալի իրադարձությունները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանմանը։
Ի՞նչ վիճակում են ՄԻԵԴ ներկայացված ՀՀ դիմումները. Կիրակոսյանը մանրամասներ է ներկայացրել
Իսկ ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացված գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերահսկման մասին կոնվենցիային, որի շրջանակում ՀՀ–ն ներկայացրել է մի շարք հայցապահանջներ։ Դրանք վերաբերում են տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից ատելություն քարոզող քաղաքականության իրականացմանը։
Ըստ Կիրակոսյանի` երկրների միջև իրավական գործընթացները հանդիսանում են վեճերի կարգավորման խաղաղ միջոց, և դա բացարձակ չի բացառում քաղաքական պրոցեսների` այդ թվում խաղաղության բանակցությունների անցկացումը։