Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ կա

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհանիսյանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այսօր 13:40-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված, և այն պայթելու է: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ` դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհանիսյանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը:
Ժամանել են նաև հրշեջ–փրկարարական և սակրավորական ջոկատներ:
Բարձրահարկ շենքերի տարածքը սահմանազատել են, տեղում աշխատում են Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը:
Տեղում է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Նշենք, որ օրեր առաջ ևս ոստիկանները նույն տարածքում` Երևանի Գյուլբենկյան 33 հասցում, հայտնաբերել են պայթուցիկ սարքի նմանվող առարկա։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։